-A +A

Սա Ի՞նչ Թարախ Է, Որ Չի Պայթում

PrintPrintSendSendPDFPDF

Աշխեն Քեշիշյան, Հրապարակ, 27 Նոյեմբեր 2013

"15 տարի առաջ մութ ու ցուրտ տարիներին գիտեինք, որ պատերազմի մեջ ենք ու հաղթելու ենք, թունելի ծայրին լույս էինք տեսնում, իսկ հիմա դա չկա, եւ հույսը կտրողը թուրքն ու ազերին չեղան։"

Իմ զրուցակիցն է բանասեր, պատմաբան, գեղարվեստագետ, թարգմանիչ, ՀՀ քաղաքացի Արծվի Բախչինյանը:

- Արծվի, եկ ամփոփենք տարին՝ կանգնած ենք Մաքսային միությանը միանալու շեմին, նորից ակցիաներ, բողոքներ, բռնկվող ու մարող հեղափոխություններ, արտագաղթող մարդկանց թվի աճ, նաեւ հոգեբանական է՛լ ավելի մեծ անկում` Վարդան Պետրոսյանին անվանեցին «դեռասան» ու կալանավորեցին: Տարին տխո՞ւր ենք ավարտում...

- Իհարկե տխուր, ավելի ճիշտ՝ մտահոգ, քանի որ անդունդը, որի մեջ արդեն իսկ հայտնվել ենք, ավելի ու ավելի անտանելի է դառնում։ Քո նշած բոլոր այդ երեւույթները (որի շղթան, ցավոք, կարելի է շատ երկարացնել) լրջագույն պատճառներ են, որ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապահով հորջորջվող իր երկրում իրեն կրկին զգա կարիքի մեջ, անզոր, խաբված, չպաշտպանված եւ չունենա նորմալ կյանքի հույս ու հեռանկար։

Ամեն առավոտ համացանց մտնելիս դողը սրտումս է՝ սպասելով կարդալ, թե մեզ համար էլի՛ ինչ «հաճելի» անակնկալներ են պատրաստել մեր ազգընտիր իշխանությունները, էլի՛ ում են անմեղ տեղը կալանելու եւ ում մեղավոր տեղը՝ չկալանելու, էլի՛ ինչ պատմական հետք են ջնջելու, էլի՛ ինչ բնության մասնիկ են ավերելու, էլի՛ ինչ խոշոր յուրացումներ են կատարելու իմ եւ քո աշխատավարձի հաշվին, էլի՛ ում հացն են կտրելու... եւ այլն, եւ այլն։ Վարդան Պետրոսյանի դեպքը նշելով՝ մատդ դրեցիր մի ցավի վրա, այն է՝ ռեժիմը բացահայտ դարձրեց այլախոհի, իրական ընդդիմադիրի, ժողովրդական մարդու, իսկական մտավորականի հանդեպ իր հայտարարած տարիների պատերազմը։ Առանց չափազանցության կարող եմ ասել, որ կյանքիս ամենածանր պահերից մեկն ապրեցի՝ նոյեմբերի 9-ի ցուրտ գիշերն ականատես դառնալով, թե ինչպես դեռեւս չապաքինված, ողջ օրը սոված-ծարավ թողնված (ասել է թե՝ խոշտանգված) Վարդանին պատգարակով դուրս բերեցին Կոտայքի դատարանից ու դրեցին ոստիկանական մեքենան՝ առանց իրավական որեւէ հիմքի։

Այդ պահին այնքան շոշափելի հասկացա, որ Հայաստանում, ցավոք, արդարադատություն չի եղել ու չկա, որ այս ցինիկ ռեժիմը կատարված ողբերգությունը գործածում է հանուն իր շահերի՝ հանրությանն է՛լ ավելի ճնշել-ճզմելու նպատակով։ Եվ ո՞ւր կորան տարիներ շարունակ իշխանությունների դեմ սուր ճոճողները, արմատական ընդդիմադիր այրերը, ա՞յս Հայաստանն էին նրանք երազում, էլ ոչ մի պայքարելու բան չմնա՞ց։ Թե՞ ամենքը, մի-մի տաքուկ անկյուն ստանալով, սսկվեցին ու մոռացան ամեն ինչ...

- Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում քեզ համար պիտի որ հեշտ չլիներ կենտրոնանալ հետազոտական կամ թարգմանական գործունեության վրա...

- Երանի այնպիսի ժամանակներ լինեին, որ հարցազրույց տալիս ստիպված չլինեի քաղաքականության մասին ամենափոքրիկ իսկ ակնարկն անելու, քանի որ, այո, իմ աշխարհներն ուրիշ են։ Ճիշտ է, այս տարի էլ տարբեր հետաքրքրական գործեր կատարեցի, տպագրվեց իմ թարգմանությամբ երկու գիրք, եւս երեք թարգմանություն էլ ճանապարհին են, կատարվեց վաղեմի երազանքս՝ նկարահանվեցի կինոյում մի փոքր դերով, հրավեր ստանալով Հայաստանում ֆիլմ ստեղծող ամերիկացի կինոգործիչներից...

Սակայն անձնական այս հաջողություններն ինձ երբեք լիակատար երջանկություն չեն պարգեւում, երբ շուրջս համատարած անարդարություն է, ամենաթողություն, բռնություններ, ոգու ու նյութի աղքատություն ու տեսակի պատերազմ։ Այնքան լավ եմ հասկանում մեծն Ֆաինա Ռանեւսկայային, երբ նա ասում էր. «Ինչպես եմ նախանձում անուղեղներին»։ Նայում եմ շուրջս՝ քիչ չեն այնպիսի մտավորականներ ու արվեստագետներ, ովքեր ապրում են իրենց նեղ անձնական ու մասնագիտական կյանքով ու բոլորովին անտարբեր են, որ Հայաստանում տասնյակ գյուղեր արդեն դատարկվել են, որ ոչ մի օրենք չի գործում, որ բանտերում կան անմեղ դատապարտյալներ, իսկ ազատության մեջ շրջում են ոճրագործներ, որ մեր երազած անկախությունն իրականում անկախության տնազ եղավ, ու նորից նստում ենք կոտրած տաշտակի առջեւ։

Գուցե դա էլ նրանց պաշտպանվելու ձեւն է, Աստված նման կրիաների ու ջայլամների հետ։ Սակայն պարզապես եղկելի է, երբ գտնվում են իբրեւ թե հարգարժան խելոք մարդիկ, որոնք պաշտպանում են ցանկացած հակազգային քայլ՝ լինի օտարալեզու դպրոցներ վերաբացելը, ինչ-որ անհայտ ու կասկածելի միությանը միանալը, չհիմնավորված թանկացումները կամ պատմական հուշարձանի աղավաղումը։ Նման «մտավորականներն» իրենց պատասխանատու չե՞ն զգում գալիք սերնդի առջեւ, թե՞ վստահ են, որ գալիք սերունդ այլեւս չի լինելու, բոլորը կլինեն կա՛մ արտագաղթած, կա՛մ ստրկացված ու մանկուրտացված։

Պետական այրերի եւ օլիգարխների զավակները, անշուշտ, մտածելու բան չունեն, նրանք դրսերում վաղուց տուն ու տեղ ունեն դրած, քանի որ, բնականաբար, չեն ուզի ապրել մի երկրում, որտեղ կյանքն անտանելի է դարձել իրենց հայրերի պատճառով։ Չէի ուզի, որ խոսքս այսքան մռայլ ստացվեր, բայց սա է մեր իրականությունը. 15 տարի առաջ մութ ու ցուրտ տարիներին գիտեինք, որ պատերազմի մեջ ենք ու հաղթելու ենք, թունելի ծայրին լույս էինք տեսնում, իսկ հիմա դա չկա, եւ հույսը կտրողը թուրքն ու ազերին չեղան։

Ու խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, գլխիս քարոզներ չկարդաք, թե նմա՞ն ժամանակներ է տեսել մեր ժողովուրդը, չմոռանալով հիշատակել հայ ազգի՝ փյունիկ թռչուն լինելու կամ Աստծո պահած ժողովուրդը լինելու մասին նեյնիմները։ Միայն եթե կարող եք, շատ կուզեի բացատրեք՝ սա ի՞նչ թարախ է, որ համառորեն չի պայթում...

 

No votes yet

Comments

Արծուի Բախչինեանի հարցազրոյցը


Այո, սիրելի Արծուի, միշտ այդպէս է եղած, յոյսը կտրողն ալ մենք ենք եղած, յոյսը բերողն ալ։ Եթէ կը յաղթենք՝ մեր ուժերով կը յաղթենք, եթէ կը պարտուինք՝ դարձեալ մեր ուժերով։  ՎԱԱ
 

Արուեստագէտ հոգիի տէր

Արուեստագէտ հոգիի տէր Արծուիին բեռնէն այս ճշմարտութիւնները աւելի ճշմարիտ կը հնչեն, դառնութիւնները աւելի լեղի են, իսկ թարախը՝ (Աստուած ներէ ինծի) քաղցկեղի պիտի վերածուի։ Երբ «քաղաքագէտներ» կ՚ըսեն այս բոլորը, ինքնապաշտպանութեան թէ ինքնախաբէութեան մղումով կը հակուիս չհաւատալու։ Բայց երբ արուեստագէտը կ՚ըսէ, կը զգաս ցաւին (եւ անոր դրդապատճառին) իսկական խորքը։

Post new comment

Note

Keghart.com edits comments for grammatical and spelling errors, obscenity, libelous, offensive and confrontational expressions. Please limit comments to a maximum of 200 words. Incomprehensible or irrelevant sentences and duplicate comments will be removed. Following receipt of your comment, Keghart.com will send you a verification email to safeguard against spam and impersonation, please click on the link in that email.
Comments are usually posted within 24 hours following your verification.

The content of this field is kept private and will not be shown publicly.
pendreschekednes
randomness